«Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամի» առաքելությունն է զարկ տալ հոգեւոր-հոգեբանական վերականգնմանը՝ համադրելով հոգեբանության ժամանակակից մեթոդները հայ ժողովրդի գոյաբանական պատմության եւ Հայ Եկեղեցու ավանդույթների հետ։ Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։ Հիմնադրամը ստեղծվել է ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Մեր ծրագրերը ճանապարհ են հարթում դեպի հետտրավմատիկ վերականգնում՝ օգնելով հաղթահարել հետպատերազմական ու այլ աղետների հետեւանքով առաջացած հոգեբանական դժվարությունները։ Մենք Ձեզ առաջարկում ենք մոտ երեք ամիս ընդհանուր տեւողությամբ վերականգնման «հայկական ճանապարհ», որի ընթացքում, կախված հոգեկան առողջության կարիքներից, կիրառվում է հոգեւոր-հոգեբանական աջակցության երեք ձեւաչափ։
Այս երեք ձեւաչափերից որեւէ մեկի մասնակիցը դառնալու համար պետք է միանալ մեր մեծ համայնքին։ Դրա համար պետք է անցնել հոգեբանական թեստը, պատասխանել մի քանի հարցի ու թողնել Ձեր կոնտակտները:
Սեպտեմբերից մինչեւ օրս Հիմնադրամի կայքէջում իր հոգեվիճակի նախնական ինքնագնահատում է արել մոտ 1500 մարդ։ Նրանց մեծ մասը ցանկություն է հայտնել անցնել «Վերականգնման հայկական ճանապարհով»: Այն ընդհանուր երեք ամիս տեւողությամբ ծրագիր է, որը բաղկացած է 3 փուլերից՝ «Ամոքվե», «Զորանալ», «Հաջողել»: Ծրագրի նպատակն է ստեղծել տոկուն համայնք, որը ունի ապագայակենտրոն մտածողություն, ուժեղացված պատկանելիության զգացում եւ ամուր սոցիալական կապեր։
«Վերականգնման հայկական ճանապարհ» ծրագրի առաջին՝ «Ամոքվել» փուլում Հիմնադրամի մասնագետները 8 խմբերում հոգեբանական աջակցություն են տրամադրել 90 մարդու:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնակցիների 91,7% մոտ այս փուլից հետո գրանցվել է միջին մակարդակի դրական փոփոխություն: Մարդիկ ձեռք են բերել ինքնավստահություն եւ «ես կարող եմ» համոզմունք, ինչը ամրապնդել է նրանց անկախությունը եւ անձնական պատասխանատվությունը՝ որպես կյանքի վերափոխման հիմք։
«Զորանալ» փուլում Հիմնադրամը կազմակերպել է երկօրյա հոգեկրթական 7 միջոցառում, որոնց մասնակցել է 200 -ից ավելի մարդ:
Արդեն «Հաջողել» փուլում անցկացվել է Համայնքային 5 մեծ ժողով, որոնց մասնակիցների թիվը անցնում է 270-ը: Նրանց 97%-ը նշել է, որ միջոցառումը հետաքրքիր և ներգրավող էր, իսկ 74%-ը ցանկություն է հայտնել միանալ մեր համայնքին։
Հետազոտությունները ցուց են տալիս, որ ծրագիրը հաջողություն է գրանցել իր բոլոր փուլերում՝ մարդկանց շրջանում բերելով դրական փոփոխություն, ձեւավորելով ապագայամետ մտածողություն եւ պատկանելիության զգացում:
«Ամոքվել» փուլում փոփոխություն է գրանցել մասնակիցների 91.7%-ը, «Զորանալ» փուլում՝ 80.2%-ը, իսկ «Հաջողել» փուլում՝ 68.5%-ը։
Ծրագրի մասնակիցների խոսքով՝ անցնելով «Վերականգնման հայկական ճանապարհով», իրենք կարողացել են բացահայտել իրենց ուժեղ կողմերը, լսելով այլոց ընտանեկան պատմությունները եւ ներկայացնելով իրենցը՝ կարողացել են գտնել դժվարությունները հաղթահարելու բանաձեւեր, ոտքի կանգնել ու օգնել, որ մյուսներն էլ ոտքի կանգնեն:

Հոգեւոր արժեքների տարածման ու հոգեբանական ամոքմանը միտված ծրագրեր իրականացնելու համար մենք ընտրել ենք «Նարատիվային թերապիայի» մեթոդը՝ սերտորեն աշխատելով աշխարհում այս մեթոդի առաջատար Ավստրալիայի Դալվիչ կենտրոնի հետ:
Խորը հարգանք ու աջակցող վերաբերմունք մասնակցի նկատմամբ
Ապահով միջավայր ու գաղտնիություն
Ոչ մի քննադատություն
Այցելուն է մասնագետը
Մասնակիցները կարող են իրենց համար օգտակար լուծումներ գտնել՝ լսելով այլոց



ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ հոգեբանական աջակցություն տրամադրել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:
Հոգեկան առողջությանը հետեւելը չափազանց կարեւոր է բոլորի համար՝ թե՛ հուզական ապրումներից վերականգնվելու, թե՛ դժվարին իրավիճակներին ապագայում առավել գիտակից դիմակայելու տեսանկյունից։
Հաճախ տրվող հարցեր
«Նարատիվային (պատմողական) թերապիան» մարդու եւ իր կյանքի արժեքավոր պատմության մասին է։ Այս մեթոդը օգնում է մարդուն դառնալ իր կյանքի լիարժեք հեղինակը:
Անգլերեն «narrative» բառի հայերեն թարգմանության մի քանի տարբերակներ կան. պատում, պատմվածք, պատմություն։ Ավելի հեշտ է այն սահմանել, իբրեւ «իրադարձությունների շղթայի սեփական շարադրանք կամ նկարագրություն», ինչպես նաեւ «իրադարձությունների ընկալման կամ բացատրության տարբերակ»։
«Նարատիվային» կամ պատմողական թերապիան հոգեբանության համեմատաբար նոր ուղղություն է, որը հեղինակել են Մայքլ Ուայթը եւ Դեյվիդ Էփսթոնը 1980-ականներին։ Վերջին երկու տասնամյակներում այն լայնորեն կիրառվում է տարբեր երկրերում ու մշակույթներում եւ ունի ապացուցված դրական ազդեցություն։ Օրինակ, այս մեթոդով աշխատանքի արդյունքում դեպրեսիվ վիճակում գտնվող 50 չափահաս անձանց 74%-ն իրենց մոտ արձանանգրել են էական փոփոխություններ, իսկ 53%-ի մոտ նկատվել է վիճակի էական բարելավում՝ համաձայն կլինիկական արդյունքների վերլուծության։
Մեր ինքնությունը, մեր «ես»-ը կառուցված է այն պատմությունների վրա, որոնք մե՛նք ենք պատմում մեր մասին: Մեր կենսափորձը, առանձին դեպքերը, իրադարձությունները, հաջողություններն ու դժբախտությունները մենք ներկայացնում ենք պատմությունների տեսքով։ Մեր նպատակները, արժեքները, իմաստները ամփոփվում են մեր պատմություններում։ Կախված արտաքին միջավայրից ու մեր ներքին հուզական ապրումներից երբեմն մեր պատմությունները կենտրոնանում են բացասականի վրա՝ աղճատելով մեր ինքնությունը, «ես»-ը ու նաեւ բացասական ազդելով մեր հարազատների ու շրջապատի վրա։
անձնային որակներ, որոնք կանխորոշում են նրա կյանքը։ Օրինակ՝ այս մարդը ծույլ է, իսկ այդ մարդը՝ կազմակերպված։ Եվ շատ մարդիկ կարծում են, որ իրենց խնդիրները իրենց ճակատագրի, ինքնության կամ «ես»-ի մի մասն են կազմում։ Նարատիվային թերապիայի հիմնական գաղափարն այն է, որ մարդու խնդիրները միայն խնդիրներ են, եւ ոչ նրան բնորոշ բնածին հատկություններ:
«Մարդը չէ խնդիրը։ Նրա խնդիրն է խնդիրը», - ասում էր նարատիվային մեթոդի համահեղինակ Մայքլ Ուայթը։
Իսկ խնդիրներն առաջանում են, երբ մարդը տրվում է իր, շրջապատի ու ողջ հասարակության վերաբերյալ բացասական ու ինքնախարազանող տեսակետների, որոնք սնուցվում են իր անցյալում ու ներկայում տեղի ունեցող փոխազդեցություններից։
Նարատիվային հոգեբանի հետ զրույցն այս ուղղության հիմնադիրներից Մայքլ Ուայթը համեմատում էր ճամփորդության հետ, որի նպատակն է բացահայտել այցելուի համար դեռեւս անհայտ հորիզոնները։
«Նարատիվային» կամ պատմողական թերապիայի խմբային մեթոդը ունի մի շարք առավելություններ եւ, ի տարբերություն հոգեբական աշխատանքի այլ ուղղությունների, կառուցվում է հայկական մշակույթի, ազգային պատմության եւ հոգեւոր արժեքների հիման վրա։
Նարատիվային խմբային մեթոդի մյուս առանձնահատկություններն են.
- Նարատիվային խմբերում մասնակիցների նկատմամբ ցուցաբերվում է խորը հարգանք ու աջակցող վերաբերմունք։
- Ոչ մի մեղադրանք. քննարկման կենտրոնում խնդիրներն են, ոչ թե դրանք ներկայացնող մարդը։
- Այցելուն է մասնագետը. նարատիվային մասնագետը հանդես է գալիս ոչ թե խորհրդատուի բարձր դիրքերից, այլ օգնում է մասնակիցներին հասնել անձնային աճի ու ամոքման։
- Խմբային աշխատանքի բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն իրենց համար առավել օգտակար լուծումներ գտնել, նույնիսկ առանց ակտիվ մասնակցության, լսելով այլոց։
Նարատիվային հոգեթերապիան օգնում է հաղթահարել խնդրահարույց այն «նարատիվները» կամ պատումները, որոնք թույլ չեն տալիս այցելուին լիարժեքորեն ապրել իր կյանքը։ Այս մեթոդի օգնությամբ այցելուները կարողանում են ընդլայնել սեփական անձի, կարծրատիպերի, նախապաշարմունքների ու առհասարակ շրջապատող համայնքի վերաբերյալ պատկերացումները։
Ընդհանուր առմամբ հոգնած եք ամեն ինչից։ Չափազանց շատ ու հաճախ եք տարվում տարբեր մտքերով ու չեք կարողանում «անջատվել»։ Եթե սկսել եք ինքներդ Ձեր կամ որեւէ հարազատի մոտ ավելի հաճախ նկատել տրամադրության կտրուկ տատանումներ, անքնություն, մղձավանջային երազներ, դեպրեսիվ տրամադրություն, տագնապայնություն կամ խուճապային գրոհներ, անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել հոգեկան առողջության մասնագետի օգնության։
Ի տարբերություն հարազատների եւ ընկերների՝ հոգեբանը միշտ օբյեկտիվ է եւ անձի խնդիրը դիտարկում է իբրեւ «առանձին խնդիր», այլ ոչ թե անձնական հատկություն։ Հոգեբանի հետ աշխատանքը օգնում է վերականգնել անձի հոգեկան առողջությունը, ինչը բերում է կյանքի ընդհանուր որակի բարձրացման։ Հոգեբանին դիմելու առավելությունները շատ են, բայց առանձնացնենք մի քանիսը․
- Ի տարբերություն այլոց, հոգեբանն օբյեկտիվ է։ Նա հայելու պես արտացոլում է այն ամենը, ինչ կատարվում է Ձեր ներսում։
- Հոգեբանը Ձեզ տրամադրում է այն տարածքն ու պայմանները, որտեղ Դուք կարող եք ազատ խոսել, կիսվել առանց քննադատությունների եւ սեփական ուժերի վրա վստահությամբ։
- Հոգեբանը օգնում է հարաբերություններ կառուցել առաջին հերթին ինքներդ Ձեզ հետ, ճանաչել Ձեր թույլ ու ուժեղ կողմերը եւ ընդունել դրանք։
- Հոգեբանը օգնում է հասկանալ արթնացնել Ձեր ներքին ռեսուրսները եւ ունենալ անձնային աճ։
Նարատիվային թերապիայի մեր վերապատրաստված մասնագետները անցկացնում են խմբային փոքր հանդիպումներ, որոնք օգնում են մասնակիցներին ավելի լավ հասկանալ ոչ միայն դիմացինի, այլեւ սեփական հույզերն ու ապրումները։ Բացի հոգեբանական բաղադրիչից մեր խմբային ծրագիրը ներառում է նաեւ աշխատանք հոգեւոր ամրության վերականգնման, պատմական միջավայրի ու կոնտեքստի վերաբերյալ։ Այս ընդգրկուն մոտեցումը մասնակիցներին օգնում է ավելի լավ հասկանալ սեփական հույզերն ու վերագտնել երջանիկ լինելու էներգիա։
Բոլորը, ովքեր կարծում են, որ կամ հոգեբանական աջակցության կարիք ունեն, կամ կարող են այլոց տրամադրել այդպիսի աջակցություն՝ մասնագետի ուղղորդմամբ։
Հոգեկան առողջությանը հետեւելը չափազանց կարեւոր է բոլորի համար՝ թե՛ հուզական ապրումներից վերականգնվելու, թե՛ դժվարին իրավիճակներին ապագայում առավել գիտակից դիմակայելու տեսանկյունից։